Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մադրիդն էլ, Բարսելոնն էլ պիտի գիտակցեն` ժամանակն է հեռանալ անդունդի եզրից

Մադրիդն էլ, Բարսելոնն էլ պիտի գիտակցեն` ժամանակն է հեռանալ անդունդի եզրից
09.10.2017 | 23:15

Համեմատելով իրադարձությունների զարգացումը, երբ կատալոնյան խորհրդարանը անկախություն հայտարարեց 1934-ի հեկտեմբերին, իսկ Մադրիդը պատասխանեց կատալոնացիների ձերբակալություններով, Financial Times-ը գրում է, որ ներկա ճգնաժամը, թեպետ չի հասել այն ժամանակվա մասշտաբներին, բայց հեռու չէ:


Կատալոնիայի իշխանությունները հաշվի առան խորհրդարանի հատուկ նիստ անցկացնելու Իսպանիայի Սահմանադրական դատարանի արգելքը: Նիստում ծրագրվում էր շրջանի անկախության հռչակումը: Նրանք բուն նիստը չեղարկեցին և հաջորդ օրվա նիստի օրակարգում հարցը չներառեցին: Մադրիդն իրեն նվազ խելամիտ է պահում` նորից սպառնալով վերացնել Կատալոնիայի ինքնավարությունը և ուղիղ կառավարում մտցնել: Կենտրոնական կառավարության նման քայլերը կարող են համընդհանուր ապստամբություն ու նույնիսկ ուժային կոնֆլիկտ հարուցել: Ամենաանխելամիտը անկախությանը ուժային մեթոդներով հակազդելն է: Դա միայն կամրապնդի անջատականների դիրքերը և կմեծացնի տնտեսական կոլապսի ռիսկը, որ բոլոր ուժերով պետք է թույլ չտան ոչ միայն Կատալոնիան ու Իսպանիան, այլև ԵՄ-ն: Ստատուս քվոն պահպանելու կողմնակիցների Բարսելոնում կիրակի օրվա բազմահազարանոց հանրահավաքից հետո Guardian-ը հարց է տալիս` ինչու՞, եթե այդքան մարդ շրջանում անջատում չի ուզում, անկախության կողմնակիցների դիրքերն այսօր ավելի ուժեղ են, քան վերջին տարիներին երբևէ եղել է: Guardian-ի կարծիքով` միասնականության կողմնակիցները բաժան-բաժան են, իսկ անջատականները` միասնական։ Իսպանացի պահպանողականները` վարչապետի գլխավորությամբ, Կատալոնիայում հանրաճանաչություն չեն վայելում, նրանց ընդդիմախոս սոցիալիստները տրոհված են, իսկ Կատալոնիայի սոցիալիստական կուսակցությունն ընդունվում է իբրև անկախության կողմնակիցների ատելի Ռախոյի դաշնակից: Երբ միասնականության կողմնակիցների ՙլռող Կատալոնիան՚ կիրակի օրը փողոց դուրս եկավ, Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնը կանգնեց երկընտրանքի առաջ` եթե շրջանի անկախությունը հռչակվի, խնդիր են դառնում ոչ թե Ռախոյն ու Մադրիդի ուղղակի կառավարումը, այլ սեփական համերկրացի կատալոնացիները: Բայց Ռախոյն էլ չպիտի խաբվի ու կիրակնօրյա երթը ընդունի իբրև իր կոշտ գործողությունների ու ոչ ճկուն դիրքորոշման հավանություն: Ամենախելամիտը, որ կարող է անել Իսպանիայի վարչապետը, իր ունեցած իշխանությունն օգտագործել ու շրջանային նոր ընտրություններ անցկացնելն է: Շրջանում ներկա տրամադրությունների պարագայում` արտահերթ ընտրությունների ժամանակ անկախության կողմնակիցների կոալիցիան կարող է կորցնել վերահսկողությունը Կատալոնիայի խորհրդարանում: Բայց նույնիսկ Մադրիդի համար իրադարձությունների այդքան բարենպաստ զարգացման դեպքում հազիվ թե հաջողվի վերջակետել կատալոնյան անկախության պատմությունը։


Times-ի կարծիքով` Մարիանո Ռախոյը պետք է ճիշտ գնահատի իրավիճակը և դադարի Բարսելոնում կատարվողը դիտարկել իբրև անհնազանդություն, որը պահանջում է զսպիչ գործողություններ: Վարչապետը պետք է գիտակցի, որ խնդիրը քաղաքական է և քաղաքական լուծում է պահանջում: Քանի որ Ռախոյն ու Պուչդեմոնը միմյանց չեն հասկանում ու չեն վստահում, իրավիճակը կառուցողական հուն վերադարձնելու համար միջնորդ է պետք: ԵՄ-ն, ի դեմս Ժան Կլոդ Յունկերի, արդեն հրաժարվել է այդ դերը ստանձնելուց, թեպետ Կատալոնիայի իշխանությունները այդ հույսն ունեին: ԵՄ-ն այնքան է անհանգստացած, որ կատալոնյան հրդեհը Բասկերի երկիր, Հյուսիսային Իտալիա չհասնի ու չբռնկի ֆլամանդացի ակտիվիստներին, որ ցանկանում է ճգնաժամն ինքն իրեն վերանա ու ստատուս քվոն ինքն իրեն պահպանվի` հեգնում է Times-ը: Իր ծառայություններն արդեն առաջարկել է Շվեյցարիան, ըստ լուրերի` նաև Վատիկանը: Ռախոյը պետք է հպարտությունը ծալի ու ընդունի, որ պետք է դրսի աջակցությունը: Times-ը կարծում է, որ համաիսպանական խորհրդաժողով է պետք, որին կմասնակցեն Իսպանիայի բոլոր ինքնավար շրջանները և համատեղ կորոշեն` ինչպես կարելի է փոխել Սահմանադրությունը: Այդ խորհրդաժողովում գուցե ձևը գտնվի` բավարարելու կատալոներենի պահպանման ու օգտագործման, հարկահանության, ընդհանրապես` շրջանը Իսպանիայի մաս ճանաչելը լայն ինքնավարությամբ:


Հազիվ թե այդ որոշումը ընդունեն համոզված անջատողականները, բայց կհանգստացնի չափավորականների մեծ մասին: Այլընտրանքը առճակատման տարիներն են, որ կբաժանեն Կատալոնիան, Իսպանիան ու ամբողջ Եվրոպան: Կոնֆլիկտի երկու կողմերն էլ պիտի գիտակցեն, որ ժամանակն է անդունդի եզրից հեռանալու:
BBC


Հ.Գ. Անգլիական թերթերը ճիշտ են նկատել` Եվրամիությունը իսկապես չափազանց արագ անցավ Մադրիդի կողմը և Իսպանիայի ներքին գործ հայտարարեց Կատալոնիայի խնդիրը` հրաժարվելով միջնորդի ու հաշտարարի դերից: Մինչդեռ անջատողականությունը ԵՄ-ում կանխելու համար պետք էր կամրջել Մադրիդն ու Բարսելոնը` ոսկե միջինը գտնելու հնարավորություն տալով նրանց: Գուցե Մարիանո Ռախոյն էր մեղավոր, գուցե ԵՄ ղեկավարները: Առավել հավանական է, որ միջազգային իրավունքը սկզբունքային խնդրի է բախվել տարիներ առաջ և մինչև հիմա չի կարողանում լուծել` ո՞րն է գերակա` տարածքային ամբողջականությու՞նը, թե՞ ազգի ինքնորոշման իրավունքը, և գերադասում է ստատուս քվոն ձգել` մինչև պարանը կտրվի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ